ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

Մայիսի 6-ին 6-րդ դասարանի աշակերտները մասնակցեցին հուշարձանների շրջակայքի մաքրման աշխատանքներին

Սույն թվականի դեկտեմբերի 6-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարսերի Ռ. Պետրոսյանի անվան միջնակարգ դպրոցում անցկացվեց համապետական միջոցառում, վարժանք, «Ուժեղ երկրաշարժի դեպքում տարհանման կազմակերպում» թեմայով, նվիրված Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին: Միջոցառմանը մասնակցեցին բոլոր աշակերտները, ուսուցիչները և սպսսարկող անձնակազմը: Միջոցառումը սկսվեց «Երկար զանգ» տագնապ ազդանշանով, որից հետո անձնակազմը սկսեց լքել դպրոցի շենքը: Անձնակազմը կազմակերպված և ժամանակին դուրս եկավ շենքից: Ունեցանք պայմանական մեկ վիրավոր, ում տղաները դուրս բերեցին անվտանգ վայր և ցույց տրվեց առաջին բուժօգնություն:
Միջոցառումը անցավ շատ կազմակերպված և ուներ ուսուցողական նպատակ:

Վարսերի Ռ. Պետրոսյանի անվան մ/դ-ում տեղի ունեցավ «Սխրանքի արժեքը» խորագրով միջոցառում: Միջոցառումը կազմակերպված էր Սարդարապատի հերոսամարտի 100 ամյակի շրջանակներում` նվիրված մայիսյան եռատոնին:
Դպրոցի աշակերտական խորհուրդը և մասնակից բոլոր աշակերտները ազգային երգ ու պարով, հայրենասիրական ոգեշունչ ասմունքով ու պատմության դասերի դաստիարակիչ, հայրենաշունչ պատգամով հուզեցին ու հպարտությամբ լցրին հանդիսատեսին:


Մայիսի 8-ը Երկրապահի օրն է, Շուշիի ազատագրման օրը: Այս օրը մեր երկիրը ազատագրող ազատամարտիկի, երկիրը պահողի տոնն է:
Վարսերի Ռ. Պետրոսյանի անվան միջնակարգ դպրոցի սաները այսօր` հայրենիքի ազատության ու անկախության խորհրդանշող օրը, այցելեցին Սևան քաղաքի «Փյունիկ»հուշախաչքար: Մեր մատաղ սերունդն իր հարգանքի տուրքը մատուցեց բոլոր հերոսներին և ծաղիկներ դրեց արցախյան ազատամարտի նահատակների հիշատակը հավերժացնող հուշախաչքարին:

«Քաջերի սահմանը քաջեր են»
Մ. Խորենացի
Քաջեր, որոնց անունները ապրում ու հավերժանում են սերունդների սրտերում: Դյուր դարեր հավերժացած քաջի` Ռ. Պետրոսյանի անունն է կրում Վարսեր գյուղի դպրոցը: Ռաֆիկ Պետրոսյաննն այն խիզախ վարսերցին է, որը Արցախյան ազատամարտի առաջին օրերից մեկնեց Արցախ` որպես «Արծվիկ» ջոկատի հրամանատար: Նա Լաչինի մարտերում ընկավ հերոսաբար` դարերին թողնելով ամենավսեմ պարգևը` հայրենիքի մի բեկորի` Արցախի ազատագրումը: Վարսերցի աշակերտը ակնածանքով է պահում ու հարգում ազգային հերոս Ռ. Պետրոսյանի հիշատակը:
Մայիսի 8-ին մեր դպրոցի աշակերտները ծաղիկներ դրեցին հերոսին նվիրված խաչքարին` արտահայտելով խոր երախտագիտության, պատկառանքի և հպարտության անկեղծ զգացումներ:

Վարսերի Ռ Պետրոսյանի անվան միջնակարգ դպրոցի աշակերտական խորհուրդը կազմել է ցուցատախտակ` ցույց տալով իր կատարած աշխատանքները:
Ցուցատախտակի վրա առանձնացված է հատված, որը նվիրված է դպրոցի հիմնադրման պատմությանը, ներկայացված են հետաքրքիր փաստեր, որոնք պարբերաբար թարմացվում են` ըստ նախօրոք առաջարկված թեմաների: Ստորին մասում ներկայացված է աշակերտական խորհրդի կարգախոսը:
Ստենդի վրա տեղ ունեն նաև աշակերտների կողմից մշակված դրույթները` մեր նպատակները:
Ցուցատախտակի պատրաստմանը մասնակցել են աշակերտական խորհրդի բոլոր անդամները, ովքեր այժմ էլ ձեռնամուխ են լինում ստենդում ներկայացված նյութերի թարմացմանը:

Ռ. Պետրոսյանի անվան միջնակարգ դպրոցում գործող «Հմուտ ձեռքեր» խմբակի աշակերտները ներկայացան իրենց ձեռքի աշխատանքների ցուցադրությամբ: Ցուցահանդեսին ներկայացված էին տարբեր նյութերից պատրաստված տիկնիկներ, հելունագործ աշխատանքներ, ասեղնագործ իրեր, գունավոր թղթերով կոմպոզիցիաներ, փափուկ խաղալիքների ստեղծագործ աշխատանքներ: Խոհանոցային թաթմաննները, բռնիչները, գոգնոցները վառ ապացույց էին աշակերտների հմտություններին ու երևակայական կարողություններին կարուձևի ասպարեզում: Բոլոր աշխատանքները յուրահատուկ էին, ինքնատիպ ու հետաքրքիր:
Առաջնորդվելով «Աշխատանքը գեղեցկացնում է մարդուն» կարգախոսով` աշակերտները ի ցույց դրեցին իրենց գեղագիտական ճաշակն ու ստեղծագործական երևակայությունը:

Exif_JPEG_420

Exif_JPEG_420

Exif_JPEG_420

Բաց -դաս մաթեմատիկայից 5-րդ դասարանում
Ապրիլի 19-ին տեղի ունեցավ մաթեմատիկայի բաց-դաս 5-րդ դասարանում: Ուսուցչուհի Ն. Խաչատրյան
Դասի թեման էր «Խառը թվերի համեմատումը»:
Ուսուցչուհին դասն սկսեց «Մաթեմատիկան և երաժշտությունը» թեմայի վերլուծությամբ: Աշակերտները կազմեցին կանոնավոր և անկանոն կոտորակներ և լրացրին T — աձև աղյուսակը, խառը թվեր պրիզման, կատարեցին քարտային աշխատանք և վարժությունների միջոցով ամրապնդեցին անցածը:

Վարսեր գյուղի Ռ. Պետրոսյանի անվան միջնակարգ դպրոցը ակտիվ մասնակցություն ցուցաբերեց հուշարձանների մաքրման աշխատանքներին:

Ապրիլի 14-ին «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում իրականացվեց շաբաթօրյակ մեր դպրոցում

Գեղարքունիքի մարզի Վարսերի Ռ. Պետրոսյանի անվան միջնակարգ դպրոցի 4-րդ դասարանի աշակերտները ուսուցչուհի Տաթևիկ Մովսիսյանի ղեկավարությամբ ներկայացրին բաց դաս` նվիրված «Յոթ սարից, յոթ ձորից այն կողմ» թեմայի ամփոփմանը:
Տոնական ու հեքիաթային մթնոլորտ և տրամադրություն էր տիրում դասասենյակում:
Հեքիաթի միջոցով երեխան հստակեցնում է աշխարհի կերպարն իր մտապատկերում ու հոգում, որոշում իր տեղն ու դերն այս աշխարհում: Դասասենյակը գեղեցիկ ու նուրբ զարդարված էր հեքիաթների հերոսների նկարներով: Երեխաները ներկայացրին Ղազարոս Աղայանի «Անահիտ» հեքիաթը, կարողացան ճիշտ ու գեղեցիկ ներկայացնել այն: Կիրառվեցին բազմաբնույթ մեթոդներ` «Մտքերի տարափ», «Պրիզմա», «Բանաստեղծական կենսագրություն»: Դերային խաղով ներկայացրին նախադասության տեսակներն ըստ հաղորդակցման նպատակի: Երեխաները երգեցին «Հեքիաթների աշխարհում» երգը:

Ապրիլի 5-ին Վարսերի միջնակարգ դպրոցի 10-րդ դասարանում հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Ի. Պետրոսյանը անցկացրեց բաց դաս, որը նվիրված էր Հ. Պարոնյանի ծննդյան 175 – ամյակին:
Դասն ակսվեց ուսուցչուհու խոսքով:
Դասարանը բաժանված էր 2 խմբի, յուրաքանչյուրն ընտրել էր իր կարգախոսը, որը Պարոնյանի «Ծիծաղ»-ի «Բարոյական» — ներից էր: Ուսուցչուհին նախապես հարցեր էր կազմել: Խմբի ավագները մոտենում էին, վերցնում հարցերը, խումբը պատրաստվում էր և պատասխանում: Ուսուցչուհին հանձնարարեց խմբերին ներկայացնել «Մեծապատիվ մուրացկանները» վեպի հերոսներից մեկի կերպարը, որից հետո խմբերը ներկայացրին իրենց կազմած խաչբառերը, որոնց ճիշտ լրացման դեպքում կստանային գաղտնագրված բառը: Ուսուցիչը աշխատանքի արդյունքների անդրադարձ կատարեց և գնահատեց աշակերտներին:

2018 թ․ մարտի 23-ին Վարսերի Ռ․ Պետրոսյանի անվան միջնակարգ դպրոցի 10-րդ դասարանում անցկացվեց բաց դաս՝ նվիրված Վանի հերոսամարտին։ Կազմակերպիչ՝ Ռ․ Գաբրիելյան
Հայ ժողովրդի պատմության մեջ քիչ չեն այն դրվագները, երբ հայ ժողովուրդը զենքի ուժի միջոցով է գտել իր փրկությունը։ Այդպես եղավ նաև 1915թ․ Մեծ եղեռնի ժամանակ, երբ հայերը Վան քաղաքում դիմեցին ինքնապաշտպանական մարտերի։
Աշակերտները ներկայացրին Վան քաղաքի Այգեստան և Քաղաքամեջ թաղամասերում իրականացված մարտական գործողությունները։ «Խաթարված հերթականություն» մեթոդով ներկայացվեց մարտական գործողությունների կազմակերպիչներ Արամ Մանուկյանի և Արմենակ Եկարյանի գործունեությունը։
Դասը ամփոփվեց «Մտքերի քարտեզագրում» մեթոդով, որի ընթացքում գրված բառերով աշակերտները գրեցին շարադրություն «Վանի հերոսամարտը» վերնագրով։

2018 թ. մարտի 21 — ին ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարսեր գյուղի Ռ. Պետրոսյանի անվան միջնակարգ դպրոցի 9-12-րդ դասարաններում ոստիկանության Սևանի բաժնի անչափահասների գործերով տեսուչ Ա. Թորոսյանըև ԱԳԲ-ի ավագ օ/լ Է. Սարգսյանը անցկացրին «Անչափահասները և հանցագործությունը» թեմայով զրույց-զեկույց:

Մարտի 16-ին Վարսերի Ռ. Պետրոսոյանի անվան միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ խաղ-մրցույթ, որը կրում էր «Մեր մեծերը» խորագիրը. այն նվիրված էր մեծագույն դերասան Վ. Փափազյանին և հայտնի լեզվաբան Է. Աղայանին
Սովորելու նկատմամաբ հարգանք առաջացնելու մեջ է դաստիարակության ամբողջ գաղտնիքը, իսկ սովորելու լավագույն միջոցը խաղն է , մրցապայքարն ու պայքարը:
Խաղ մրցույթը ընծայվում էր Մայիսյան հերոսամարտերի 100 ամյակին:
8-րդ և 9-րդ դասարանցիները հանդիսատեսին ներկայացրին 6 փուլից բաղկացած խաղ-մրցույթ.
ա/ Վ. Աղայան
բ/ Բառարան
գ/ Վ. Փափազյան
դ/ Գուշակիր դերը
ե/ Գտիր հականիշները
զ/ Ավագների խաղ
Միջոցառման ավարտին 8-րդ դասարանցիները ներկայացրին Տ. Չուխաջյանի «Կարինե» կատակ օպերայից Լեբլեբիջիների խմբերգը:
Ակտիվ և հավասար պայքարում հաղթեց 8-րդ դասարանի թիմը:
Նրանք արժանացան պատվոգրի, իսկ Մարինե Սիմոնյանը` խրախուսական մրցանակի` հայեցի խոսքով և գիտելիքներով առանձնանալու համար:

«Մաթեմատիկան մեր առօրյայում» և « π թվի միջազգային օրը»

Մարտի 14-ին Վարսերի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ միջոցառում մաթեմատիկա առարկայից, որը կազմակերպել էր մաթեմատիկայի ուսուցչուհի և 6-րդ դասարանի դասղեկ Հ. Զաքարյանը իր դասարանի հետ:
Միջոցառումը կազմված էր 3 փուլից` «Հետաքրքիր տեղեկություններ մաթեմատի-կայի և մաթեմատիկոսների մասին», «Մաթեմատիկան մեր առօրյայում» և «π թվի միջազգային օրը»:
Սկզբում աշակերտները տեղեկություններ հայտնեցին մաթեմատիկայի զարգաց-ման պատմության մասին, հետաքրքիր պատմություններ մաթեմատիկոսների և մաթեմատիկայի մասին:
Աշակերտները ներկայացրին առօրյայում հանդիպող խնդիրներ` մասեր, տոկոսներ և հարաբերություններ թեմաներից` բեմականացման տեսքով:
Քանի որ մարտի 14-ին նշվում է π թվի միջազգային օրը, անդրադարձ կատարվեց նաև այդ թեմային, աշակերտները հետաքրքիր տեղեկություններ հայտնեցին π թվի մասին:

Բաց դաս Վարսերի միջնակարգ դպրոցում
Մարտի 6-ին Վարսերի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ բաց դաս աշխարհագրությունից /ուսուցչուհի` Էմմա Կարապետյան/: Դասի ընթացքում ամփոփվեց «Աշխարհի քաղաքական բաժանումը» թեման: Աշակերտները ներկայացրեցին պետությունների հիմնական խմբերը, տիպերը: Համեմատվեցին միապետական և հանրապետական կառավարման ձև ունեցող պետություններ: Ավելի մանրամասն ներկայացրին նախագահական և պառլամենտական հանրապետությունները:

Վարսերի Ռ. Պետրոսյանի անվան միջնակարգ դպրոցում «Խաղաղություն» և «Սարդարապատից Արցախ» թեմաներով անցկացվեց նկարչական մրցույթ: Մրցույթին մասնակցել են 5-7-րդ դասարանի աշակերտները: Լավագույն աշխատանքները ներկայացվել են ցուցահանդեսում:
Կազմակերպիչ Է. Մելքոնյան


Ֆիզիկան մեր կյանքում
Փետրվարի 22-ին Վարսերի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ միջոցառում ֆիզիկա առարկայից, որը կազմակերպել էր ֆիզիկայի ուսուցչուհի և 9-րդ դասարանի դասղեկ Լ. Հայրումյանը իր դասարանի հետ:
Միջոցառումը կազմված էր երեք փուլից` «Ֆիզիկան մեր առօրյայում», «Հետաքրքիր պատմություններ ֆիզիկոսների կյանքից» և «Ֆիզիկան բանաստեղծների աչքերով»:
Այնուհետև աշակերտները ներկայացրին Վիկտոր Համբարձումյանի կյանքը և ստեղծագործությունը` նվիրված Վ. Համբարձումյանի 110-ամյակին: ՄԻջոցառումը էլ հետաքրքիր դարձրին ֆիզիկական երևույթները փորձերի միջոցով ներկայացվելը, բեմականացումները:

Պահպանիր մայր լեզուդ
Փետրվարի 21-ին Վարսերի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ «Պահպանիր մայր լեզուդ» խորագիրը կրող միջոցառում, որը կազմակերպել էին դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Իվետա Պետրոսյանը, ռուսաց լեզվի ուսուցչուհի Էվելինա Մանուկյանն ու գերմաներենի ուսուցչուհի Տաթևիկ Հովհաննիսյանը: Աշակերտները ներկայացրին հայոց լեզվի անցած ճանապարհը, նրա տեղն ու դերը ազգի գոյության ու կայացման գործում: Հնչեցին հայ և օտարազգի գրողների ու գիտնականների գնահատականները հայոց լեզվի, ռուսերենի ու գերմաներենի մասին: Աշակերտները հանդես եկան հաճելի ու հուզիչ ասմունքով, երգ ու պարով:
Հանդիսատեսն հեռացավ մեծ բավականություն ստացած:


Փետրվարի 19-ին գիրք նվիրելու օրվա կապակցությամբ դպրոցի գրադարանավարուհի Զ. Սիմոնյանը գրքեր նվիրեց դպրոցի ընթերցասեր և դասագիրքը խնամքով պահպանող աշակերտներին:
«Գրքին երկար կյանք» նշանաբանով մրցույթին հաղթող ճանաչվեցին 3-րդ, 5-րդ դասարանները և 4-րդ , 6-րդ դասարանների աշակերտներից մի քանիսը:


29.01.2018թ Վարսերի միջնակարգ դպրոցում անցկացվեց հայոց բանակին նվիրված միջոցառում։ Միջոցառմանը ներկայացվեց հայոց բանակի ստեղծումից մինչև օրս անցած ժամանակահատվածը և բանակաշինության վերաբերյալ տեղեկություններ։ Աշակերտներն իրենց պատրաստակամությունը հայտնեցին բանակի հզորացման գործում։ Հայրենասիրությամբ լի միջոցառումը ամբողջական դարձրին աշակերտների պատրաստած երգն ու պարը։
Աշակերտներն իրենց խոսքն ուղղեցին բոլոր զինվորիներին, անվանեցին գյուղի նորակոչիկներին ու զորացրվածներին՝ չմոռանալով նաև ծառայության մեջ գտնվողներին։

Հունվարի 23-ին Վարսերի Ռ. Պետրոսյանի անվան միջնակարգ դպրոցի 7-րդ դասարանում անցկացվեց միջոցառում, որը նվիրված էր Պարույր Սևակին: Բացման խոսքով հանդես եկավ 7-րդ դասարանի աշակերտ Միքայել Գալստյանը: Մյուսները ներկայացրին Սևակի ստեղծագործություններից, անդրադարձ կատարվեց նրա կյանքին: Հետաքրքիր էր բեմադրված «Անլռելի զանգակատուն» պոեմից մի հատված: Ցուցադրվեց հետաքրքիր տեսանյութ, որը պատմում էր Պարույր Սևակի տուն-թանգարանի, նրա շիրմաքարի, իր իսկ ձեռքով տնկած այգու, նրա մահվան վարկածների մասին: Աշակերտները մեջբերումներ էին անում սևակյան մտքերից, որոնք միշտ արդիական են, իսկ հանդիսատեսը մեծ բավականություն ստացավ:

Ֆիզկուլտուրայի ուսուցիչ և թենիսի խմբակի ղեկավար Մ. Համբարձումյանը հունվարի 26-ին Վարսերի միջնակարգ դպրոցում կազմակերպեց սեղանի թենիսի մրցույթ: Մրցույթին մասնակցում էին 6 աղջիկ և 10 տղա: Աղջիկները մրցեցին միմյանց հետ, հաղթող ճանաչվեց Եվա Մարտիրոսյանը: Տղաներից հաղթող ճանաչվեց Տարոն Գալստյանը

«Հուսո ճանապարհ» հասարակական կազմակերպությունը և Գեղարքունյաց թեմի քրիստոնեական դաստիարակության կենտրոնը Վարսերի միջնակարգ դպրոցում 1-ին կիսամյակի ընթացքում կազմակերպել են սեմինար-քննարկումներ։

2017թվականի դեկտեմբերի 25-ին մեր դպրոցի նախակրթարանում կազմակերպվեց Ամանորի միջոցառում

2017թ դեկտեմբերի 13-ին մեր դպրոցում կազմակերպվեց և իրականացվեց ուսուցողական տարահանում՝ դպրոցի ՔՊ պետի, Գեղարքունիքի մարզային վարչության և Սևանի թիվ 32 ՀՓՋ — ի անձնակազմի կողմից:

2017թ դեկտեմբերի 7-ին մեր դպրոցում տեղի ունեցավ միջոցառում նվիրված Սպիտակի երկրաշարժի 29 տարելիցին, որին ներկա էին ԱԻՆ-ի ներկայացուցիչներ: Նրանք ցուցադրեցին տեսանյութեր «Ինչ անել երկրաշարժի ժամանակ» թեմայով:Միջոցառման վերջում դպրոցի ողջ անձնակազմը տարահանվեց ժամանակին և առանց սխալների:


2017թ. դեկտեմբերի 5-ին ոստիկանության Սևանի բաժնի անչափահասների գործերով ավագ օ/լ Է. Սարգսյանը, տեսուչներ՝ Ա. Թորոսյանը և Մ. Սիմոնյանը ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարսեր գյուղի Ռ. Պետրոսյանի անվան միջնակարգ դպրոցում աշակերտների հետ անցկացրեցին հանդիպում – զրույց «Վնասակար երևույթները» թեմայով

Վարսերի միջնակարգ դպրոցում 1.12.2017թ. անցկացվեց «Շնորհալիների մրցույթ» միջոցառում: Միջոցառումը կազմակերպել էր աշակերտական խորհուրդը՝ նպատակ ունենալով ոգևորել դպրոցի շնորհալի աշակերտներին:
Միջոցառմանը մասնակցում էին և տարրական, և ավագ դպրոցի աշակերտները: Աշակերտները ներկայացան սպորտ, խոհանոց, երգ, պար, ասմունք, նկարչություն և ձեռագործ աշխատանք բնագավառներում:
«Շնորհալիների մրցույթ»-ում իրենց բնագավառները լավագույնս ներկայացնողները արժանացան խրախուսական պատվոգրերի:







Մեր դպրոցի աշակերտները ևս ակտիվ մասնակցեցին հայերենի՝ «Մեղու. հայերենը բոլորի համար» ամենազանգվածային մրցույթին:

Հոկտեմբերի 17-ին Վարսերի Ռ. Պետրոսյանի անվան միջնակարգ դպրոցի 1-ին դասարանում տեղի ունեցավ բաց դաս՝ «Ա հնչյուն-տառի ուսուցումը» թեմայով: Դասասենյակը կահավորված էր համահունչ: Մեծադիր և տոնական Ա տառերը ցուցահանդես էին հրավիրվել:
Աշակերտները ներկայացրին իրենց սովորած երգերը, բանաստեղծությունները, հանելուկները: Հյուր եկավ «փոստատարը» և նամակով ողջունեց նրանց: Աշակերտները կազմեցին «ուրախ» և «տխուր» նախադասություններ և կենդանի մոդելով ցուցադրեցին: Պատմեցին հեքիաթ, որտեղ բոլոր բառերը սկսվում էին ա տառով:
Հեքիաթ պարտաճանաչ «Ա»-ի մասին ներկայացրեց նաև ուսուցչուհին;
Նոր նյութի հաղորդումը ուղեկցվեց խաղերով և աշակերտները մագնիսական գրատախտակի վրա խաղաքարերով հավաքեցին դասագրքի նկարը:
Ուսուցչուհին աշակերտների օգնությամբ պատմեց նոր դասը: Բոլորն ակտիվ էին: Վերջում անակնկալ էր ուսուցչուհու նվիրած բացիկները, որտեղ նրանք առաջին անգամ գրելու էին Ա տառը, որն ուղերձ էր մայրիկներին. «Ահա Ա տառը արևից էլ վառ ժպտում է քեզ: Ես երջանիկ եմ, իսկ դու՞ …
Ուսուցիչ՝ Ա. Անտոնյան


ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարսերի Ռ. Պետրոսյանի անվան միջնակարգ դպրոցի 9-րդ դասարանում հոկտեմբերի 13-ին անցկացվեց միջոցառում «Աշխարհը առանց կոռուպցիայի» խորագրով:
9-րդ դասարանի աշակերտները ներկայացրին, թե ինչ է կոռուպցիան, ինչպես է այն ձևավորվել, ինչպես կարելի է պայքարել դրա դեմ:
Աշակերտները դերային խաղի միջոցով ներկայացրին իրավիճակներ և քննարկեցին, թե որ իրավիճակում կար կոռուպցիա, ներկայացրին իրենց կողմից նախապես մշակված հակակոռուպցիոն ծրագիրը: Փողի, հարստության, կոռուպցիայի մասին հնչեցին թևավոր խոսքեր: Միջոցառման ավարտին աշակերտները բեմականացրին հուզիչ տեսարան մարդկային ագահության և ընչաքաղցության մասին:
Կազմակերպիչներ՝ Ռ. Գաբրիելյան և Մ. Աղաջանյան

ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարսերի Ռ. Պետրոսյանի անվան մ/դ- ի 9-րդ դասարանում անցկացվեց բաց դաս՝ նվիրված Թարգմանչաց տոնին:
Նրանք նշեցին, որ Սուրբ թարգմանչաց տոնը հայ ժողովրդի ազգային-եկեղեցական տոներից է, որը խորհրդանշում է հայոց գրերի գյուտը, «Աստվածաշնչի» հայերեն առաջին թարգմանությունը, թարգմանչաց շարժումն ու հայ դպրության սկիզբը: Աշակերտները շեշտեցին, որ «Սրբոց թարգմանչաց վարդապետացն մերոց» անվան ներքո տոնվում է վեց թարգմանիչների՝ Մեսրոպ մաշտոցի, Եղիշեի, Մովսես Խորենացու, Դավիթ Անհաղթի, Գրիգոր Նարեկացու և Ներսես Շնորհալու հիշատակը:
Կազմակերպիչ Մ. Գալստյան

ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարսերի Ռ. Պետրոսյանի անվան մ/դ-ում անցկացվեց ՀՀ դպրոցականների շախմատի 12-րդ օլիմպիադայի ներդպրոցական փուլը, որին մասնակցում էին 3-8-րդ դասարանների
19 աշակերտ՝ 5 աղջիկ, 14 տղա: Ներդպրոցական փուլի հաղթողներ ճանաչվեցին Գեգջանյան խաչիկը, Անտոնյան Վահեն, Գալստյան Միքայելը և Սմբատյան Վիկտորյան:

Հոկտեմբերի 6-ին Վարսերի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ «Դարձիր գրադարանի բարեկամը» խորագրով միջոցառում ՝ նվիրված գրադարանավարի օրվան
կազմակերպիչ՝ գրադարանավար Զ. Սիմոնյան


Հոկտեմբերի 5-ին Վարսերի միջնակարգ դպրոցի աշակերտական խորհուրդը կազմակերպել էր ուսուցչի օրվան նվիրված միջոցառում.

ՀՀ անկախության 26-ամյակին նվիրված «Հին ու նոր Հայաստան» խորագրով ցուցահանդես-միջոցառում անցկացվեց Վարսերի Ռ. Պետրոսյանի անվան մ/դ-ում: Միջոցառումը մեկնարկեց աշակերտների գեղեցիկ պարով: Այնուհետև ներկայացվեց հայ ժողովրդի պատմությունը` Հայկական լեռնաշխարհից մինչև 3-րդ հանրապետության հռչակումը: Ցուցադրվեց տեսանյութ` նվիրված քառօրյա պատերազմի հերոսներին: Միջոցառումը համեմված էր աշակերտների գեղեցիկ ասմունքով: Դասասենյակը կահավորված էր թեմաներին համապատասխան պաստառներով:
Նախսպես հանձնարարված «Հին ու նոր հայաստան» խորագրով շարադրություններից ընթերցվեց հաղթող ճանաչված 11-րդ դասարանի աշակերտուհի Սյուզաննա Պետրոսյանի շարադրությունը:
Միջոցառումը ավարտվեց տեսանյութով, որտեղ ներկայացված էին Վարսեր գյուղի հին ու նոր հուշարձանները:
Հայն այն ժողովուրդներից է, որ ոչ թե գոյատևեց դաժան դարերի փորձություններում, այլ հերոսացավ պատմության քառուղիներում և որդան կարմիրով իր անունը գրեց դարերի հիշողության մեջ:
Տոնդ շնորհավոր, Հայաստա՛ն:

Սեպտեմբերի 22-ին Վարսերի Ռ. Պետրոսյանի անվան միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ «Ծովի ալեհեր արքան» խորագրով ցերեկույթ` նվիրված աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու 200 ամյակին:
Դասասենյակը ձևավորված էր միջոցառմանը համահունչ. մի անկյունում հավաքված էր ծովի տեսարան, որի մեջ լողում էր նավը, պատի վրա ցուցադրված էին Այվազովսկու կտավների վերատպությունները, նկարակալի վրա աշակերտներից մեկը նկարում էր ծովային տեսարան:
Աշակերտները ներկայացրին ծովանկարչի կյանքն ու ստեղծագործությունը, խոսեցին հայտնի կտավների ստեղծման պատմության մասին: Կիսվեցին անվանի մարդկանց մտքերով, ովքեր բարձր են գնահատել նկարչի տաղանդը:
Միջոցառման ընթացքում հնչեցին Ռուբեն Հախվերդյանի «Փոքրիկ նավակ» և Արմեն Մովսիսյանի «Հուսո առագաստ» երգերը:
Աշակերտների խոսքը հստակ էր, մաքուր, ասմուքը` արտահայտիչ ու սահուն:
Կազմակերպիչ` կերպարվեստի ուսուցչուհի Է. Մելքոնյան

Սեպտեմբերի 27-ին Վարսերի Ռ. Պետրոսյանի անվան միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ նախադպրոցական կրթական կենտրոնի բացման արարողությունը:
Կենտրոնը բացվեց «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպության շնորհիվ և Վարսերի համայնքապետարանի մասնակի միջոցներով:
Նախակրթարանն ունի 15 սան:

Անկախության 26 – ամյակին նվիրված միջոցառում` «Ուժեղ, արագ, բարձր» մարզամրցույթ Վարսերի միջնակարգ դպրոցում

«Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում Վարսերի Ռ. Պետրոսյանի անվան մարզամրցույթ»միջնակարգ դպրոցը շարունակում է մաքրման աշխատանքները /16.09.2017/

Սեպտեմբերի 1-ը Վարսերի միջնակարգ դպրոցում: 1-ին դասարանցիների մուտքը…

Հուլիսի 1-ին մեր դպրոցում իրականացվեց «Մաքուր Հայաստան» ծրագրի աղբահանության, սանիտարական մաքրման և բարեկարգման մի շարք աշխատանքներ:

Մեր դպրոցի մայիսի 27-ի համապետական շաբաթօրյակը

«Վերջին դաս»

Գեղարքունիքի մարզի Վարսեր գյուղի Ռ. Պետրոսյանի անվան միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ «Վերջին դաս» արարողությունը, դասղեկ Է. Մանուկյան
«Վերջին դաս»-ը սկսվեց աշակերտների` միմյանց ներկայացնելով: Այնուհետև աշակերտներն իրենց ջերմ ու շնորհակալական խոսքերն ուղղեցին իրենց դպրոցին, ուսուցիչներին: Կարևորեցին ուսուցիչների անգնահատելի դերն իրենց կյանքում, շեշտեցին, որ իրենց կայացման ու հաստատման գործում մեծ է դպրոցի դերն ու կարևորությունը:
Շրջանավարտները իրենց երախտագիտության խոսքերն ուղղեցին նաև ծնողներին, որոնք այս դպրոցական տարիներին իրենց կողքին են եղել, աջակցել են ու սատար կանգնել:
Շրջանավարտները նաև հպարտությունով նշեցին ներկայումս հայոց բանակում ծառայող իրենց համագյուղացիներին և շնորհակալություն հայտնեցին ծնողներին և ուսուցիչներին հայրենասեր զինվորներ դաստիարակելու համար:
Շրջանավարտները միմյանց բարեմաղթանքների խոսքեր ուղղեցին և զարդարեցին կենաց ծառը:
«Վերջին դաս»-ը լի եր անակնկալներով և հուզառատ պահերով, այն հաջողված հետաքրքիր և մեծ խրախուսանքի արժանի դաս էր:

«Այբբենարան»-ի հանդես

Գեղարքունիքի մարզի Վարսեր գյուղի Ռ. Պետրոսյանի անվան միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ «Այբբենարան»-ի հանդես
Մայիսի 24-ը 1-ին դասարանի համար տոնական օր էր: Այդ տոնական տրամադրությունը ավելի շատ զգում էին 1-ին դասարանի 15 երեխաների ծնողները, որոնց թվում շատերի առաջին երեխան էր արդեն գրաճանաչ դարձել: Նրանք զգալի մեծ տարբերություն էին զգում մի քանի ամիս առաջ դպրոց հաճախած իրենց երեխաների մեջ և չէին կարողանում թաքցնել իրենց հուզմունքը, զարմանքն ու ուրախությունը:
Դասարանի տեսքը ներս մտնողին հուշում էր հանդեսի մասին` հայոց տառերը մեկը մյուսին հետևելով կարծես փորձում էին ընդառաջ գալ ներս մտնողին: Դասարանը ձևավորված էր:
Ավելի տպավորիչ էր աշակերտների ելույթը: Երեխաների շուրթերից հնչում էր յուրաքանչյուր տառին վերաբերող արտասանություններ, հանելուկներ, հումորներ, ինչպես նաև մայրենի լեզուն անաղարտ պահելու երդումներ: Դասարանում թևածում էր հայրենասիրությամբ ամբողջ աշխարհում կրելու «հայ» լինելու վեհ պատիվը:
Կազմակերպիչ 1-ին դասարանի դասվար Մ. Գրիգորյան

Մրցույթ-վիկտորինա «Արքիմեդներ և գիտակներ»

Գեղարքունիքի մարզի Վարսեր գյուղի Ռ. Պետրոսյանի անվան միջնակարգ դպրոցում անցկացվեց միջոցառում ֆիզիկա, մաթեմատիկա, ինֆորմատիկա առարկաներից: Միջոցառումն անցկացվում էր մրցույթ-վիկտորինայի կարգով: Վիկտորինային մասնակցում էին 7-10-րդ դասարանի աշակերտները: Աշակերտները հանդես էին գալիս երկու խմբերով` Արքիմեդ և ֆիզմաթ: Նրանք ներկայացրեցին իրենց աքրոստիկոսները: Խմբերի ավագներն էին 10-րդ դասարանի աշակերտներ Էրիկ Հակոբյանը և Ալինա Գաբրիելյանը:
Խմբերին ներկայացվեցին տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ և ռեբուսներ: Միջոցառման ընթացքում թիմերը ընդմիջեցին երաժշտական դադարներով: Արդար մրցակցության ընթացքում միավորային փոքր տարբերությամբ հաղթեց Արքիմեդ թիմը: Միջոցառման վերջում աշակերտները նշեցին, որ անկախ արդյունքից հաղթող է ճանաչվում ընկերությունն ու միասնությունը: Եվ այս խոսքերն ապացուցելով` միասնական շուրջպար բռնեցին:
Կազմակերպիչներ` մեթոդ միավորման նախագահ` Հ. Զաքարյան, ֆիզիկայի ուսուցիչ` Լ. Հայրումյան և ինֆորմատիկայի ուսուցիչ` Վ. Առաքելյան

Սուրբ Հարության տոն

Ապրիլի 21-ին Վարսերի Ռ. Պետրոսյանի անվան միջնակարգ դպրոցում անցկացվեց միջոցառում, որը նվիրված էր հայոց եկեղեցու նվիրյալ Լուսինե Զաքարյանի 80 ամյակին և Ս. Հարության տոնին:
Միջոցառումը սկսվեց «տերունական» աղոթքով, որից հետո աշակերտները ողջունեցին ներկաներին «Քրիստոս հարեավ ի մեռելոց», «Օրհնյալ է հարությունը Քրիստոսի» զատկական շնորհավորանքով:
Աշակերտները ներկայացրին տեղեկություններ Լուսինե Զաքարյանի կյանքից և գործունեությունից, ապա ծաղիկներ դրեցին երգչուհու լուսանկարի առաջ` հարգանքի տուրք մատուցելով նրա հիշատակին: Միաժամանակ հնչեց Լուսինե Զաքարյանի «Հարության մեղեդի երգը»:
Գեղեցիկ բեմականացման միջւոցով ներկայացվեց Զատիկի ծիսակարգը հայոց ըւնտանիքում` ծիսական սեղան, Ակլատիզ, զատկական խաղեր, կենաց ծառ:
Աշակերտների հետաքրքիր դերասանական խաղով ներկայացվեց նաև Հարության տոնի հոգևոր խորհուրդը:
Միջոցառումը ավարտվեց աշակերտների «Պահպանիչ» աղոթքով: Թող աստված պահապան լինի քրիստոնեությունը պետականորեն առաջինը ընդունած հայ ժողովրդին:

Շրջակա միջավայրի մաքրման աշխատանքներ

Ապրիլի 25 — ին և 26 — ին Վարսեր գյուղի Ռ. Պետրոսյանի անվան միջնակարգ դպրոցի աշակերտները մեծ պատասխանատվությամբ և պատրաստակամորեն մասնակցեցին շրջակա միջավայրի մաքրման աշխատանքներին:

«Կյանքը թատրոն է, մարդիկ` դերասաններ»

Ապրիլի 4-ին Վարսերի Ռ. Պետրոսյանի անվան միջն. դպրոցի 10-րդ դասարանում ցուցադրական դաս էր: Դասը նվիրված էր Թատրոնի համաշխարհային օրվան : Դասի կարգախոսն էր ընտրված Շեքսպիրի հայտնի մտքերից մեկը. «Կյանքը թատրոն է, մարդիկ` դերասաններ»: Դասն սկսվեց ուսուցչուհու խոսքով: Նա հակիրճ ներկայացրեց, թե երբ և ում որոշմամբ է առաջին անգամ նշվել թատերական արվեստի գործիչների մասնագիտական տոնը, որից հետո աշակերտները ներկայացրին իրենց հետազոտական աշխատանքները, որոնք վերաբերում էին հայկական թատրոնի ծագմանը, զարգացմանը, 21-րդ դարում թատերական գործիչների խնդիրներին: Անդրադարձ կատարեցին 19-րդ դարում Արևմտյան Հայաստանի, ինչպես նաև Արևելյան Հայաստանի թատրոնների դերին, խոսեցին Անդրկովկասում գործած թատրոնների մասին: Դասը շարունակվեց հայ մեծահանճար դերասան Մհեր Մկրտչյանի մասին պատմող տեսանյութով, իսկ աշակերտներն այդ ընթացքում հիշում ու գրի էին առնում այն կինոնկարներն ու դերերը, որոնցում նկարահանվել էր Մհեր Մկրտչյանը: Անրադարձան նաև հայ մեծանուն դերասաններ Հրաչյա Ներսիսյանին, Վահրամ Փափազյանին, Պետրոս Ադամյանին: Ներկայացրին հետաքրքիր պատմություններ նրանց կյանքից: Դասն ամփոփեց ուսուցչուհին անդրադառնալով «Կյանքը թատրոն է, մարդիկ` դերասաններ» մտքին: Նա նշեց, որ կյանքը մի գիրք է, որ յուրաքանչյուրն է գրում այնքան ժամանակ, որքան ապրում է: Ասաց, որ դա այն գիրքն է, որը լեցուն է ժպիտներով, երջանիկ պահերով և բարի ու սիրելի մարդկանց դերերով: Եվ քանի որ յուրաքանչյուրն ինքն է ընտրում իր դերն այդ գրքում, ցանկաց.;պճավ, որ ունենան դրական և հիշվող դեր այն թատրոնում, որ կոչվում է կյանք:

Դաս – ներկայացում «Теремок»

Ապրիլի 28–ին Գեղարքունիքի մարզի Վարսեր գյուղի Ռ. Պետրոսյանի անվան միջնակարգ դպրոցի 4- դասարանում տոն էր: Ռուսաց լեզվի ուսուցչուհի Է. Մանուկյանը կազմակերպել էր դաս – ներկայացում` բեմադրելով «Теремок» ստեղծագործությունը:
Աշակերտները ստեղծագործությունը ներկայացրին ինքնատիպ ու յուրօրինակ մոտեցմամբ: Նրանք հագնված էին իրենց դերին համապատասխան զգեստներով և դիմակներով, դասասենյակը կահավորված էր հեքիաթի բովանդակությանը համահունչ` տնակը, անտառի բացատը, խաղալիք կենդանիներ: Աշակերտները նաև ներկայացրին իրենց դերերին համապատասխան խաղալիքներ, որոնք դասի վերջում նվիրեցին իրենց դասարանի անապահով ընտանիքների երեխաներին:
Դաս – ներկայացման ընթացքում հնչեցին նաև առած – ասացվածքներ ընտանիքի, համերաշխության, ընկերասիրության շուրջ:
Դասն ուներ շատ հետաքրքիր և ուսուցանող կարգախոս «В тесноте, да не в обиде» .

ՀԱՎԱՍՏԱԳԻՐ

ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարսեր համայնքի Ռ. Պետրոսյանի անվան հանրակրթական դպրոցը ՀՀ հանրակրթական դպրոցների 1 — 3 — րդ դասարանների միջև «Սպորտլանդիա» մարզական միջոցառման 1 — ին փուլում 2 — րդ տե%D